Տրանսֆերային Գնագոյացում․ Ի՞նչ է դա, ինչու՞ է կարևոր և ինչպե՞ս խուսափել ռիսկերից

Տրանսֆերային Գնագոյացում․ Ի՞նչ է դա, ինչու՞ է կարևոր և ինչպե՞ս խուսափել ռիսկերից

Աշխատու՞մ եք արտասահմանում գտնվող ընկերությունների հետ կամ մի քանի երկրում բիզնե՞ս եք անում։ Եթե այո,ապա  Հայաստանում տրանսֆերային գնագոյացման հարցը մի բան է, որն անտեսել չեք կարող, հատկապես հիմա, երբ հարկային մարմինները սկսել են ավելի խիստ ուշադրություն դարձնել ընկերությունների միջև գործարքներին ու շահույթի տեղաբաշխումներին։

Կարճ ասած՝ տրանսֆերային գնագոյացումը մեթոդ է, որով որոշվում է ապրանքների, ծառայությունների կամ ոչ նյութական ակտիվների գինը, երբ գործարքը կատարվում է միևնույն խմբի մեջ գտնվող ընկերությունների միջև։ Թեև սա կարող է թվալ խիստ մասնագիտական, իրականում այս ամենը ուղղակիորեն ազդում է Ձեր հարկային պլանավորման, օրենսդրական պահաջների պահպանման ու տուգանքներից զերծ մնալու վրա։

Այս հոդվածում կխոսենք՝ ինչ է պահանջում հայկական օրենսդրությունը, ինչ փաստաթղթեր պետք է ունենալ ու ինչպես պատրաստ լինել հարկային ստուգման։

Ի՞նչ է տրանսֆերային գնագոյացումը

Հայաստանում տրանսֆերային գնագոյացում ասելով հասկանում ենք այն կանոններն ու մեթոդները, որոնցով իրականցվում է գնագոյացումը փոխկապակցված ընկերությունների միջև կատարվող գործարքների ժամանակ։ Խոսքը կարող է գնալ մայր ու դուստր ընկերությունների կամ միևնույն խմբի մեջ գտնվող տարբեր մասնաճյուղերի մասին։

Այս կանոնները հատկապես կարևոր են, երբ տարվա ընթացքում փոխկապակցված կողմերի միջև գործարքների ընդհանուր արժեքը գերազանցում է 200 միլիոն դրամը։ Նպատակը պարզ է՝ ապահովել, որ շահույթը արձանագրվի ու հարկվի արդար ձևով՝ անկախ նրանից, թե ընկերությունները որ երկրում են գործում։

Ի՞նչ են փոխկապակցված գործարքները (պարզ բացատրություն)

Փոխկապակցված գործարքներ են այն գործարքները, որոնք իրականացվում են միևնույն խմբի (փոխկապակցված անձանց) ընկերությունների միջև։ 

Օրինակ՝ պատկերացրեք Երևանում գործող տեխնոլոգիական մի ընկերություն, որը ծրագրային ապահովում է վաճառում իր իսկ դուստր ընկերությանը Ֆրանսիայում։ Նրանք պայամանավորվում և փաստաթղթերում սահմանում են այնպիսի գներ, որոնց արդյունքում ՀՀ-ում շահույթը մնում է ավելի շատ քան Ֆրանսիայում, քանի որ ՀՀ-ում շահութահարկը 18% կամ 23% է, իսկ Ֆրանսիայում` 25%: 

Ահա, թե ինչու է Հայաստանում տրանսֆերային գնագոյացման կարգավորումը այսքան կարևոր․ այն կանխում է այնպիսի գնային մանիպուլյացիաները, որոնք նախատեսված են հարկային բեռը անարդար ձևով նվազեցնելու համար։

Ինչու՞ են ընկերությունները երբեմն պայմանավորվում «արհեստական» գների շուրջ

Երբեմն խմբի ներսում գործող ընկերությունները միմյանց միջև գներ են սահմանում, որոնք իրականում չեն համապատասխանում այն գնին, ինչ կսահմանեին անկախ (ոչ կապակցված) ընկերությունները։ Այսպես վարվելու պատճառները կարող են լինել և՛ օրինական, և՛ ոչ այնքան․

  • Շահույթի տեղափոխում․ շահույթը «տեղափոխում» են բարձր հարկային բեռ ունեցող երկրներից դեպի ցածր հարկային բեռ ունեցող երկրներ, որպեսզի ընդհանուր հարկը խմբի ներսում փոքր լինի։
  • Հարկային օպտիմալացում․ գործարքները կառուցվում են այնպես, որ նվազեցնեն հարկային բեռը: Oրինակ՝ ծախսերը վերագրելով բարձր հարկային երկրում գործող ընկերությանը, իսկ եկամուտները՝ ցածր հարկայինում։
  • Ծախսերի բաշխում․ երբեմն խմբի ընկերությունները կիսում են ծախսերը (օրինակ՝ հետազոտությունների, կառավարման ծառայությունների), բայց ոչ այնպես, որ դա արտահայտի իրական տնտեսական պատկերը։

Եթե այս քայլերը արվում են օրենքի սահմաններում ու ճիշտ փաստաթղթավորմամբ, դրանք կարող են օրինական լինել։ Բայց որոշ դեպքերում այս պրակտիկաները կարող են վերաճել հարկերից խուսափելու կամ նույնիսկ օրենսդրական պահանջների խախտման։

Հայաստանում և այլ երկրներում հարկային մարմինները նման գործարքներում փնտրում են «red flag-եր», օրինակ՝

  • Շահույթի կտրուկ ու անհասկանալի տեղափոխում խմբի ընկերությունների միջև,
  • Բարձր կառավարչական վճարներ կամ ռոյալթիներ, որոնք չեն համապասխանում տրամադրված արժեքին,
  • Մեկ ընկերությունում մշտական վնասներ, իսկ մյուսներում՝ կայուն շահույթ:

Այսպիսի սխեմաները կարող են դառնալ տրանսֆերային գնագոյացման ստուգման  կամ հարկային վերահսկողության պատճառ, քանի որ ակնարկում են հնարավոր շահույթի տեղափոխում կամ հարկերից խուսափում։

Ինչո՞վ է դա տարբերվում շուկայական (անկախ կողմերի) գնագոյացումից

Տրանսֆերային գնագոյացման հիմնական սկզբունքը Հայաստանում անկախ կողմերի սկզբունքն է։ Այսինքն՝ երբ փոխկապակցված ընկերությունները միմյանց հետ գործարք են անում, սահմանված գները պետք է նման լինեն այն գնին, որով գործարք կկատարեին անկախ, շուկայական պայմաններում գործող կողմերը։ Ավելի պարզ՝ եթե ձեր ընկերությունը ապրանք է վաճառում իր դուստր ընկերությանը, այդ գինը պետք է նույնը լինի, ինչպիսին կսահմանեիք սովորական գնորդի համար։

Անկախ կողմերի սկզբունքը միջազգային հարկային համակարգում արդարություն ապահովելու միջոց է։ Այն թույլ է տալիս կանխել շահույթի արհեստական տեղափոխումն ու հարկային բազայի նվազեցումը։ Գործնականում՝ Հայաստանի հարկային մարմինները համեմատում են փոխկապակցված գործարքների գները նմանատիպ, բայց անկախ կողմերի միջև կատարված գործարքների հետ՝ կիրառելով հաստատված մեթոդներ (օրինակ՝ համեմատելի անկախ գնի մեթոդ, կամ արժեքին հավելավճարով մեթոդ)։

Ահա հիմնական տարբերությունը՝

Անկախ կողմերի գնագոյացումՓոխկապակցված գնագոյացում (երբեմն ոչ շուկայական)
Հիմնված է շուկայական, անկախ գործարքների վրաԳները որոշվում են ներսում, հաճախ շուկայից տարբերվող
Ապահովում է արդար հարկում և միջազգային կանոններին համապատասխանությունԵթե չի վերահսկվում, կարող է օգտագործվել շահույթի տեղափոխման կամ հարկերից խուսափելու նպատակով

Ինչպե՞ս է տրանսֆերային գնագոյացումը աշխատում իրականում

Տիպիկ սցենար․ ծախսերը մնում են Հայաստանում, շահույթը՝ դուրս է գնում

Տրանսֆերային գնագոյացման ամենահաճախ հանդիպող օրինակներից մեկն այն է, երբ միջազգային խմբերը փորձում են շահույթը տեղափոխել ցածր հարկային ռեժիմ ունեցող երկրներ, իսկ ծախսերը «թողնել» Հայաստանում։ Եկեք տեսնենք՝ ինչպես է դա տեղի ունենում․

  • Հայկական դուստր ընկերությունը ապրանք կամ ծառայություն է գնում խմբի մեկ այլ ընկերությունից, որը գտնվում է ցածր հարկ ունեցող երկրում։
  • Վճարվող գինը ավելի բարձր է, քան այն, ինչ կվճարեին անկախ կողմերը նման պայմաններում (այսինքն՝ գինը շուկայական չէ)։
  • Արդյունքում, հայկական ընկերության հաշվապահական հաշվետվությունում ծախսերը մեծանում են, շահույթը՝ փոքրանում, ու այսպիսով նվազում է նաև Հայաստանում վճարվող հարկը։
  • Միևնույն ժամանակ, օտարերկրյա ընկերությունը ցույց է տալիս ավելի բարձր եկամուտ, բայց քանի որ գտնվում է ցածր հարկային երկրում, այնտեղ վճարելիք հարկն էականորեն փոքր է։

Այս մոտեցումը, որը կոչվում է շահույթի տեղաբաշխում (profit shifting), իհարկե կրճատում է ամբողջ խմբի ընդհանուր հարկային բեռը։ Բայց միևնույն ժամանակ վնաս է հասցնում հայկական հարկային համակարգին՝ նվազեցնելով հարկային բազան։

Սրա պատճառով է, որ Հայաստանի հարկային մարմինները շատ ուշադիր հետևում են նմանատիպ սխեմաներին։ Եթե գործարքները չեն համապատասխանել միջազգային ստանդարտներին, ապա դրանք կարող են դիտարկվել որպես հարկերից խուսափելու փորձ։

Ինչու՞ են այդպես անում. Հարկային պլանավորո՞ւմ, թե՞ հարկերից խուսափում

Պետք չէ մտածել, որ տրանսֆերային գնագոյացումն ինքնին անօրինական է։ Կա տարբերություն խելամիտ հարկային պլանավորման և ագրեսիվ հարկերից խուսափելու միջև։

  • Հարկային պլանավորումը օրինական պրակտիկա է։ Ընկերությունները կարող են կազմակերպել իրենց գործարքները այնպես, որ օգտագործեն գոյություն ունեցող հարկային կանոնների առավելությունները, եթե ամեն ինչ թափանցիկ է, պատշաճ փաստաթղթավորված և օրենքի սահմաններում։
  • Հարկերից խուսափումը արդեն անցնում է վտանգավոր գոտի։ Դա այն դեպքերն են, երբ գները կամ գործարքների կառուցվածքը արհեստականորեն ձևավորվում են միայն մեկ նպատակի համար՝ հարկերը նվազեցնել, հաճախ առանց իրական տնտեսական հիմքի։

Տարբերությունը հիմնականում երեւում է մտադրությունից և փաստաթղթավորումից։ Եթե ընկերությունը կարող է ներկայացնել հստակ բիզնես պատճառներ իր գնային որոշումների համար, օգտագործում է հաստատված մեթոդներ և պահում է ամբողջական հաշվետվություն՝ դա, ամենայն հավանականությամբ, օրինական պլանավորում է։ Բայց եթե միակ նպատակը հարկերից խուսափելն է, իսկ փաստաթղթավորումն էլ կամ չկա, կամ շատ «թույլ» է, ապա դա արդեն կարող է դիտվել որպես հարկերից խուսափում և Հայաստանում դա հարկային ստուգման լուրջ ազդակ է։

Ե՞րբ է օրինական, իսկ ե՞րբ՝ ոչ

Հայաստանում տրանսֆերային գնագոյացումը կարող է լիովին օրինական լինել, եթե հետևում են որոշ պայմանների․

  • Գները ձևավորվել են պաշտոնապես ճանաչված մեթոդներով (օրինակ՝ համեմատելի անկախ գնի մեթոդով)։
  • Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և տրանսֆերային գնագոյացման հաշվետվությունը ներկայացված են հարկային մարմիններին։
  • Գործարքը ունի հստակ բիզնես նպատակ, ոչ միայն՝ հարկ խնայելու։

Իսկ ահա այն նշանները, որոնք կարող են վկայել, որ տրանսֆերային գնագոյացումը խախտում է օրենքը․

  • Չկան բավարար փաստաթղթեր կամ գների որոշման հստակ բացատրություն։
  • Սահմանված գները չեն համապատասխանում շուկայական (անկախ կողմերի) գներին։
  • Գործարքները փաստացի գոյություն չունեն՝ միայն թղթի վրա են, առանց իրական տնտեսական գործունեության։
  • Հայաստանում ընկերությունը տարիներ շարունակ ցույց է տալիս վնասներ, մինչդեռ խմբի մնացած ընկերությունները աշխատում են շահույթով։

Այսպիսի գործարքները կարող են դիտարկվել որպես ռիսկային և դառնալ հարկային ստուգումների պատճառ։

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումը Հայաստանում

ՀՀ հարկային օրենսգրքի հիմնական դրույթները

Հայաստանում տրանսֆերային գնագոյացումը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքով, որը վերջին տարիներին մի քանի անգամ թարմացվել է՝ միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար։ Օրենքը տարածվում է փոխկապակցված կողմերի միջև գործարքների վրա, երբ դրանց տարեկան ընդհանուր արժեքը գերազանցում է 200 միլիոն դրամը։

Ընդունված մեթոդներ

Հայաստանում ընդունված են Տրանսֆերային գնագոյացման հինգ հիմնական մեթոդ՝

  • Համադրելի չվերահսկվող գնի մեթոդ (Comparable Uncontrolled Price – CUP)
  • Վերավաճառքի գնի մեթոդ
  • «Ծախսումներ գումարած» մեթոդ (Cost Plus)
  • Զուտ շահույթի մեթոդ (Net Profit)
  • Շահույթի բաշխման մեթոդ (Profit Split)

Թեև Համադրելի չվերահսկվող գնի մեթոդն առավելություն ունի, ընտրվում է ամենահարմար տարբերակը՝ կախված գործարքի տեսակից։

Փաստաթղթավորում

Հայաստանում կիրառվում է եռաշերտ փաստաթղթավորման համակարգ՝

  • Տեղական փաստաթուղթ (Local File)
  • Գլխավոր փաստաթուղթ (Master File)
  • Երկրների միջև փոխանակվող հաշվետվություն (CbC Report)

Ստուգումների ռիսկեր

ՊԵԿ-ը մշտապես հետևում է օրենսդրական պահանջների պահպանման համապատասխանությանը։ Բարձր ռիսկի խմբում գտնվող հարկ վճարողները կարող են ստուգվել ամեն երեք տարին մեկ։
Ստուգումների հիմնական նշաններն են՝

  • Շահույթի կտրուկ և անբացատրելի տեղաշարժ
  • Անհամապատասխան փաստաթղթեր կամ դրանց բացակայություն
  • Թերի կամ չներկայացված հաշվետվություններ

Ովքե՞ր են համարվում փոխկապակցված կողմեր

ՀՀ Հարկային օրենսգրքով փոխկապակցված կողմեր են համարվում՝

  1. Անձանցից (այս հոդվածում՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, ինչպես նաև տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորում) մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս անձի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն ունի մյուսի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում.
  2. Միևնույն անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է երկու և ավելի անձանց կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն ունի դրանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում:

Փոխկապակցվածություն համարվող իրավիճակներ՝

  • Անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են մյուս անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս և ավելի բաժնետոմսերը, բաժնեմասը, փայաբաժինը.
  • Անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում կամ վերահսկում է մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը.
  • Անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուս անձի գործադիր խորհրդի կամ տնօրենների խորհրդի ձևավորման (ընտրման) գործընթացը.
  • Անձինք կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, որով տվյալ հարկ վճարողն իր ակտիվների 50 տոկոսից ավելին ներդրել է համատեղ գործունեության մեջ
  • Փոխկապակվածության դեպքերն ու պայմանները ավելի մանրամասն սահմանվում են ՀՀ Հարկային օրենսգրքի 362-րդ հոդվածում։

Փաստաթղթավորման և հայտարագրման պահանջներ

Հայաստանում տրանսֆերային գնագոյացման փաստաթղթային պահանջները խիստ են և բազմաշերտ՝

  • Տեղական փաստաթուղթ (Local File) – Նկարագրում է ընկերության գործունեությունը, վերահսկվող գործարքների մանրամասները, համեմատելիության վերլուծությունը և մեթոդի ընտրության հիմնավորումը։
  • Գլխավոր փաստաթուղթ (Master File) – Պարունակում է խմբի կառուցվածքը, գլոբալ գործառույթները, ոչ նյութական ակտիվները և ֆինանսական ակտիվությունը և ներկայացվում է մայր ընկերության կողմից։
  • Երկրների միջև փոխանակվող հաշվետվություն (CbC Report) – Խմբերի համար, որոնք ունեն ավելի քան 750 միլիոն եվրո համախառն շրջանառություն։ Պարունակում է տվյալներ՝ եկամուտների, հարկերի և ակտիվների վերաբերյալ՝ ըստ երկրի։ Հանձնվում է տարվա ավարտից հետո 12 ամիսների ընթացքում
  • Ծանուցումներ – Այն ընկերությունները, որոնց վերահսկվող գործարքների մասով հանրագումարը հարկային տարում գերազանցում է 200 մլն դրամը, ապա նրանք մինչև այդ տարվան հաջրոդող ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն ծանուցում այդ գործարքների մասով։

Վերջնաժամկետներ՝

  • Տեղային և հիմնական փաթեթները պետք է տրամադրվեն ՊԵԿ-ի գրավոր պահանջից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Եթե փաստաթղթերը անգլերեն կամ ռուսերեն են, հարկայինի պահանջով հայերեն թարգմանությունը պետք է տրամադրել 10 օրվա ընթացքում։

Պատժամիջոցներ՝

Օրենսդրությամբ սահմանված պահանջները չկատարելը կամ չպահպանելը կարող են հանգեցնել խիստ տուգանքների

  • Տուգանքներ՝ վերահսկվող գործարքների արժեքի որոշակի տոկոսի չափով,
  • Օրական տուգանքներ ուշ ներկայացնելու դեպքում։

Հարկային մարմինները շատ ակտիվ են այս ոլորտում՝ դիտարկելով թերի փաստաթղթերը, շահույթի անսովոր բաշխումները և ռիսկեր պարունակող մոդելները։

Ինչպե՞ս նվազեցնել տրանսֆերային գնագոյացման ռիսկերն ու խնդիրները

Ընդունելի գնագոյացման մեթոդներ (CUP, Cost Plus, TNMM, Profit Split)

Տրանսֆերային գնագոյացման հետ կապված ռիսկերից խուսափելու համար Հայաստանում գործող ընկերությունները պետք է օգտագործեն միջազգային ստանդարտներին համապատասխան ընդունված մեթոդներ՝

Համադրելի չվերահսկվող գնի մեթոդ (CUP)

Համեմատում է՝ որքան է գինը փոխկապակցված գործարքում և որքան կվճարեին անկախ ընկերությունները նմանատիպ պայմաններում։ Այս մեթոդը նախընտրելի է, երբ կան հուսալի համեմատելի տվյալներ։

Վերավաճառքի գնի մեթոդ (Cost Plus)

Հիմքում ընկած է ծախսը, և այդ ծախսին ավելացվում է որոշակի հավելավճար։ Հատկապես տարածված է արտադրության կամ ծառայությունների ոլորտում, երբ ծախսերը հստակ են։

«Ծախսումներ գումարած» մեթոդ (TNMM)

Վերլուծում է մաքուր շահույթը՝ ելնելով համապատասխան բազայից (օրինակ՝ վաճառքից կամ ծախսերից), և համեմատում է անկախ ընկերությունների շահութաբերության հետ։ Օգտագործվում է, երբ նախորդ մեթոդներն իրականում կիրառելի չեն։

Շահույթի բաշխման մեթոդ (Profit Split)

Երբ երկու ընկերություն համատեղ գործունեությամբ շահույթ են ստեղծում, այն բաժանվում է՝ հաշվի առնելով կողմերի ներդրումը։ Օգտակար է, երբ գործարքն այնքան ինտեգրված է, որ դժվար է առանձին գնահատել ներդրումները, օրինակ՝ երբ կան բացառիկ ոչ նյութական ակտիվներ։

Փոխկապակցված գնագոյացման ներքին քաղաքականություն

Խորհուրդ է տրվում, որ յուրաքանչյուր ընկերություն ունենա հստակ ներքին քաղաքականություն՝ կապված փոխկապակցված գործարքների գնագոյացման հետ։ Այն պետք է՝

  • Սահմանի տարբեր գործարքների գնագոյացման մեթոդները։
  • Նշի, թե ինչպես է կատարվում փաստաթղթավորումը և ինչպես ապահովել օրենքին համապատասխանություն։
  • Ամեն տարի վերանայվի և թարմացվի՝ հիմնված բիզնեսի փոփոխությունների կամ նոր կանոնների վրա։

Անկախ գնահատողի ներգրավում

Բարդ գործարքների դեպքում, հատկապես երբ խոսքը մտավոր սեփականության կամ հատուկ ծառայությունների մասին է, խորհուրդ է տրվում օգտվել երրորդ կողմի՝ անկախ գնահատողների ծառայություններից։
Դա օգնում է՝

  • Որոշումներն ավելի հիմնավոր դարձնել՝ ներկայացնելով օբյեկտիվ գնահատական։
  • Ամրապնդել փաստաթղթավորումը՝ ցույց տալով, որ գինը արդար է։
  • Ստուգումների ժամանակ նվազեցնել ռիսկերը՝ փաստելով, որ ամեն ինչ արվել է պատշաճ կերպով։

 

Համեմատական վերլուծություն տեղական և միջազգային տվյալների հիման վրա

Benchmarking-ը՝ համեմատական վերլուծությունը, կարևոր քայլ է՝ հիմնավորելու փոխկապակցված գները։ Ընկերությունները պետք է իրենց գնային պայմանները կամ շահութաբերությունը համեմատեն՝

  • Տեղական շուկայի տվյալների հետ
  • Միջազգային տվյալների բազաների հետ, որոնք ներառում են նմանատիպ գործարքներ
  • Հանրային հասանելի ֆինանսական տեղեկատվության հետ

Այս քայլերը նպաստում են թափանցիկ և հիմնավորված գնագոյացման քաղաքականության մշակմանը՝ նվազեցնելով հնարավոր հարկային ռիսկերն ու ստուգումների հավանականությունը։

Ի՞նչպես են հարկային մարմինները վերահսկում տրանսֆերային գնագոյացումը

Ինչի՞ն է ուշադրություն դարձնում ՀՀ հարկային մարմինը

Տրանսֆերային գնագոյացման հետ կապված ստուգումների ժամանակ, Հայաստանի հարկային մարմինները հիմնականում փորձում են բացահայտել շահույթի արհեստական տեղափոխման փորձեր կամ օրենքի խախտումներ։ Ահա այն հիմնական նշանները, որոնք կարող են առաջացնել կասկած․

  • Հայաստանում գործող փոխկապակցված ընկերության մոտ անսովոր վնասներ կամ տարիներ շարունակ շատ ցածր շահութաբերություն՝ համեմատած արտասահմանում գտնվող գործընկերների հետ,
  • Հայտարարված շահույթի և ոլորտում ընդունված ցուցանիշների միջև զգալի տարբերություն,
  • Տրանսֆերային գնագոյացման թերի կամ բացակայող փաստաթղթեր
  • Գործարքներ, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում անկախ կողմերի սկզբունքին,
  • Չկան հստակ բիզնես հիմնավորումներ գների որոշումների համար,
  • Կան ստացված անտոկոս կամ ցածր տոկոսով փոխառություններ փոխկապակցված ընկերություններից, որոնք տարիներ շարունակ չեն վճարվում։

Այսպիսի ազդակները հաճախ բերում են խորացված ստուգումների և վերլուծության։

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեք

Հայաստանում տրանսֆերային գնագոյացման կանոններին համապատասխանելու համար, ընկերությունները պետք է պատրաստ լինեն հարկային ստուգման կամ պահանջի դեպքում ներկայացնել հետևյալ հիմնական փաստաթղթերը․

  • Մանրամասն բացատրություն՝ ինչպես է ձևավորվել գինը և ինչ մեթոդ է կիրառվել,
  • Գործարքները կարգավորող պայմանագրերի և համաձայնագրերի պատճեններ,
  • Ֆինանսական տվյալներ՝ ներառյալ ծախսերի բաժանումը, շահույթը, հաշվարկները,
  • Համեմատական վերլուծություններ կամ benchmarking-ներ՝ գները համեմատելու շուկայական տվյալների հետ,

Ի՞նչ ռիսկեր են առաջանում գների սխալ որոշման դեպքում

Փոխկապակցված գործարքներում ոչ ճիշտ գնագոյացումը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների․

  • Իրավական ռիսկեր – Տրանսֆերային գնագոյացման կանոնների խախտումը կարող է բերել հարկային ստուգումների ու դատական գործընթացների,
  • Ֆինանսական ռիսկեր – Եթե հարկայինը գտնի սխալներ, հնարավոր է հարկային պարտավորության վերագնահատում, տույժեր ու տուգանքներ,
  • Համբավային ռիսկեր – Եթե ընկերությունը ընկնում է հարկերից խուսափող ցուցակների մեջ, դա կարող է վնասել բիզնեսի հեղինակությանը թե՛ վերահսկող մարմինների, թե՛ ներդրողների, թե՛ հանրության աչքում։

Ի՞նչ տուգանքներ են սահմանվում խախտումների դեպքում

Հայաստանի հարկային օրենսգիրքը նախատեսում է խիստ տուգանքներ այն դեպքերում, երբ ստուգումների ընթացքում բացահայտվում են տրանսֆերային գնագոյացման խախտումներ․

  • Տրանսֆերային գործարքների վերաբերյալ փաստաթղթեր չներկայացնելը կարող է հանգեցնել 500,000 դրամից սկսվող տուգանքների՝ կախված ընկերության շրջանառությունից,
  • Եթե ընկերությունը չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը 30 աշխատանքային օրվա ընթացքում, ապա յուրաքանչյուր վերահսկվող գործարքի արժեքի 10%-ի չափով տուգանք է սահմանվում,
  • Ուշ ներկայացնելու դեպքում, յուրաքանչյուր օր հաշվարկվում է լրացուցիչ տուգանք՝ վերահսկվող գործարքի արժեքի 0.04%-ի չափով,
  • Եթե բացահայտվում է հարկային պարտավորության թերի ներկայացում՝ կիրառվում են լրացուցիչ հարկեր և տույժեր։

Հետևաբար, փաստաթղթերի պատշաճ նախապատրաստումը և ժամանակին ներկայացումը առանցքային նշանակություն ունեն՝ հնարավոր իրավական ու ֆինանսական խնդիրներից խուսափելու համար։

Տրանսֆերային գնագոյացման համապատասխանությունն ապահովելու լավագույն պրակտիկաները

Պահպանեք ամբողջական փաստաթղթավորում բոլոր գործարքների համար

Յուրաքանչյուր փոխկապակցված գործարքի վերաբերյալ պահեք մանրամասն փաստաթղթեր՝ պայմանագրեր, հիշեցումներ, հաշվետվություններ։ Սա ապահովում է թափանցիկություն և պատրաստակամություն ցանկացած պահի հարկային ստուգման դեպքում։

Հիմնավորեք գնագոյացումը շուկայական տվյալներով

Օգտագործեք benchmarking՝ հիմնավորելու ձեր գնային որոշումները և ցույց տալու, որ դրանք համապատասխանում են անկախ կողմերի սկզբունքին։ Հուսալի շուկայական տվյալներն ամրապնդում են ձեր դիրքը հարկային մարմինների առաջ։

Ներգրավեք մասնագետների՝ քաղաքականություն մշակելիս

Մի բավարարվեք միայն ներքին ռեսուրսներով։ Համագործակցեք իրավաբանական կամ ֆինանսական մասնագետների հետ՝ մշակելու ուժեղ տրանսֆերային գնագոյացման քաղաքականություն, որը համապատասխանում է թե՛ Հայաստանի օրենսդրությանը, թե՛ ձեր բիզնեսի ռազմավարությանը։ Սա կարևոր է արդյունավետ հարկային պլանավորման համար։

Պատրաստեք ներքին հիշեցումներ հարկայինի համար

Պահեք հստակ ներքին նշումներ բացատրելու ձեր գնագոյացման մոտեցումը և գործարար հիմքերը։ Այս փաստաթղթերը շատ կարևոր են ստուգումների ժամանակ՝ ցույց տալու, որ գործել եք բարեխղճորեն և ըստ կանոնների։

Տրանսֆերային գնագոյացման համապատասխանությունն արդյունավետ կառավարելու համար կարող եք համագործակցել Profin Consulting-ի հետ։ Մենք տրամադրում ենք փորձագիտական աջակցություն փաստաթղթավորման, քաղաքականության մշակման, benchmarking-ի և ստուգումների նախապատրաստման հարցերում՝ օգնելով ձեզ ապահով մնալ և նվազեցնել ռիսկեր։

Եզրակացություն

Հայաստանում տրանսֆերային գնագոյացումը կարող է թվալ բարդ՝ լի կանոններով, փաստաթղթերով ու ստուգումների ռիսկերով։ Բայց ճիշտ համակարգերի ու մասնագիտական աջակցության դեպքում այն լիովին կառավարելի է։ Գլխավորն այն է, որ գործեք կանխատեսելի ու պատասխանատվությամբ.
հստակ պատկերացրեք, թե ինչպես են կառուցված ձեր փոխկապակցված գործարքները, փաստաթղթավորեք ամեն ինչ պատշաճ կերպով և օգտագործեք գնագոյացման այն մեթոդները, որոնք արտացոլում են իրական տնտեսական պայմանները։

Անկախ նրանից՝ սա ձեր առաջին միջազգային գործարքն է, թե ղեկավարում եք արդեն բարդ կորպորատիվ կառուցվածք, հիմա լավագույն պահն է՝ ուժեղացնելու համապատասխանությունը։ Հայաստանի հարկային մարմիններն ավելի ուշադիր են, քան երբևէ, և ձեր լավագույն պաշտպանությունը լավ փաստաթղթավորում, արդար գնագոյացում և հստակ ներքին քաղաքականություն ունենալն է։

Չե՞ք ուզում այս ամենը մենակ կարգավորել։ Profin Consulting-ը աշխատում է ձեր նման բիզնեսների հետ՝ պարզեցնելու տրանսֆերային գնագոյացման գործընթացը, նվազեցնելու ռիսկերը և նախապատրաստվելու ամեն ինչին, ինչ հարկայինը կարող է ներկայացնել։

Բովանդակություն

© 2025 . Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Մշակված է Beebrand.Agency-ի կողմից