Ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն օտարերկրացիների համար

Ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն օտարերկրացիների համար

ՀՀ-ում աշխատանքային պայմանագրեր կնքելը հնարավոր է միայն էլեկտրոնային եղանակով։ Ի՞նչ է սա նշանակում։

2026 թվականի հունվարի մեկից նոր աշխատակիցներ ընդունելիս գործատուները պարտավոր են աշխատանքային պայմանագրերը կնքել միայն էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային եղանակով կնքման մասով մենք նախկինում ներկայացրել ենք առանձին ուղեցույց։ Այս հոդվածում մենք փորձ ենք անում ներկայացնել աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային ստորագրումը օտարերկրյա քաղաքացիների համար։

Էլեկտրոնային ստորագրություն

Աշխատանքային պայմանագրերի վավերացումը ՀՀ-ում արդեն հնարավոր է միայն էլեկտրոնային եղանակով։ Բայց էլեկտրոնային ստորագրությունը տալիս է նաև մի շարք այլ ծառայություններ իրականացնել առանց ֆիզիկական ներկայության։ ՀՀ քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ստացման բարդությունների փուլը որոշ չափով կարելի է համարել անցած։ Սակայն ինչ եղանակով պետք է ստանան էլեկտրոնային ստորագրություն օտարերկրացիները։

Էլեկտրոնային ստորագրության հետ կապված հարցերով մենք՝ հաշվապահներս, միշտ դիմել ենք ekeng.am , ու եթե մուտք գործենք կայք, կտեսնենք «ստորագրություն օտարերկրացիների համար»: Այս տարբերակով հնարավոր է ստանալ «cosign» տեսակի էլեկտրոնային ստորագրություն։ Այս տեսակի ստորագրությունը համեմատաբար բարդ ու միայն «windows» օպերացիոն համակարգերի վրա աշխատող համակարգ է։ Հոդվածի հրապարակման պահին կայքի այդ հատվածում ունենք հետևյալ հաղորդագրությունը՝

«Աշխատանքային պայմանագրերի ստորագրման համար CoSign էլեկտրոնային ստորագրությունը չի կիրառվում»

Իսկ ի՞նչ է առաջարկում imID-ին։ Կայքում մենք կարող ենք գտնել տեղեկատվություն, որ էլեկտրոնային ստորագրություն տրամադրվում է միայն «Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ»-ին։ Պահանջվող փաստաթղթերն են՝

  • Վավեր անձնագիր
  • Հայաստանի կացության քարտ կամ հատուկ անձնագիր
  • ՀՀ հանրային ծառայությունների համարանիշ

ՀՀ-ում կացության քարտ կարելի է ստանալ հետևալ հիմքերից որևէ մեկով՝

  1. Աշխատանքային հարաբերությունների հիմքով։
  2. Հաշվառված է որպես ԱՁ կամ հանդիսանում է Իրավաբանական անձի հիմնադիր։

Առաջին դեպքում՝ աշխատանքային հարաբերությունների հիմքով, դիմումը ներկայացվում է գործատուի կողմից էլեկտրոնային եղանակով։ 

Աշխատանքի իրավունքը օտարերկրացիների համար

Աշխատանքային հարաբերությունների հիմքով կացության քարտ ստանալու համար պետք է գործատուները դիմեն աշխատանքային թույտվության համար։ Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ՝

  • Աշխատակիցն ունի մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ,
  • Օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները,
  • ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք,
  • Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները:

Բոլոր դեպքերը սահմանվում են ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքով։

Աշխատանքային պայամանագրի կնքումը

Աշխատանքային պայմանագրերի կնքում էլեկտրոնային եղանակով իրականացվում է գործատուի նախաձեռնությամբ ու գործատուն պարտավոր է լրացնել  https://file-online.taxservice.am հարթակում Աշխատանքային պայմանագիրը, ստորագրել:

Գործատուի ստորագրելուց հետո աշխատանքային պայմանագրի ստորագրման մասին ծանուցում կգնա աշխատակցին, ով էլ հղումով կարող է անցնել ու ստորագրել։ Աշխատանքային պայմանագրերը աշխատակիցը պետք է ստորագրի https://self-portal.taxservice.am/sign-in/ հարթակում, որը, սակայն, ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար դեռևս չի գործում։

Պրոֆին հաշվապահական ընկերության կողմից բարձրացվել է նաև օտարերկրացիների հետ պայմանագրերի կնքման այն դեպքը, երբ օտարերկրացին գրանցում է ՀՀ-ում իրավաբանական անձ ու հանդիսանում է այդ իրավաբանական անձի տնօրեն, սակայն չի կարող գրանցվել որպես աշխատակից, քանի որ պետք է սպասի կացության քարտի տրամադրմանը։

Եզրակացություն

Ցանկացած օրենսդրական փոփոխություն բարդ հաղթահարելի է բիզնեսի համար։ Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կնքում նոր մարտահրավեր է գործատուների ու նրանց աշխատակիցների համար, սակայն սա թվայնացմանը տանող քայլերից մեկն է։ Կադրային Հաշվառման վարումը նոր չէ ոչ հաշվապահների համար, ոչ էլ հաշվապահական ընկերությունների համար։ Բայց կադրային հաշվառման վարման թվայնացումը նոր է ու պահանջում է պահպանել բոլոր ժամկետները թե պայմանագրերի կնքման, թե ծանուցումների։ Սա, ինչ խոսք, ծանրաբեռնում է ոլորտում աշխատող մասնագետներին։

Պրոֆին հաշվապահական ընկերությունում մենք գիտենք, որ կադրային հաշվառման ճիշտ վարումը, փաստաթղթերի կազմումը ու ժամկետների պահպանում է թույլ է տալիս խուսափել հաշվապահական սխալներից։

Բովանդակություն

© 2026 . Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Մշակված է Beebrand.Agency-ի կողմից