Ի՞նչ է նորմավորված ծախսը․ Ինչպե՞ս ճիշտ լրացնել շահութահարկը

Ի՞նչ է նորմավորված ծախսը․ Ինչպե՞ս ճիշտ լրացնել շահութահարկը

Գաղտնիք չէ, որ հարկման ընդհանուր համակարգ ընտրած շահութահարկ վճարող կազմակերպությունները յուրաքանչյուր տարվա ավարտին՝ հարկային շահույթը հաշվարկելու համար, կատարում են եկամուտների և ծախսերի հարկային հաշվառում։ Հարկ է նաև հիշել, որ կան այնպիսի ծախսեր, որոնք շահութահարկը հաշվելիս ամբողջությամբ չեն ծախսագրվում ու դրանց օրինակներից է նորմավորված ծախսը։

Այս հոդվածում կներկայացնենք նորմավորվող ծախսերը, որոնց մասին պատկերացումները բավականաչափ կօգնեն հասկանալ օրենքի պահանջը, ճիշտ պլանավորել և հաշվառել դրանք։ Նորմավորվող ծախսերը շահութահարկի կիրառության իմաստով այն ծախսերն են, որոնք համախառն եկամտից նվազեցնելու համար ՀՀ Հարկային օրենսգիրքը սահմանել է նորմաներ՝ չափեր, պայմաններ ու ընտրվել են որոշ ծախսատեսակներ, որոնց նկատմամբ կիրառվում են այդ սահմանափակումները։

Ի՞նչ Նորմավորված ծախսեր կան

Քանի որ նորմավորված ծախսերը սահմանափակում են ծախսի ամբողջությամբ ծախսագրումը, ապա կարևոր է դրանց բաժանել խմբերի ու քննարկել դրանք առանձին առանձին․

Վարկերի և փոխառությունների գծով վճարվող տոկոսները

Կազմակերպության ֆինանսավորման հիմնական աղբյուրներից են վարկերն կամ փոխառությունները։ Այստեղ ի հայտ է գալիս վարկերի և փոխառությունների գծով վճարվող տոկոսների ծախսագրման հարցն ու իր հետ բերում հետաքրքիր ենթահարցեր։ Մենք առանձնացրել ենք հետևյալ սահմանափակումները՝

  1. Կազմակերպությունները չեն կարող նվազեցնել վարկերի և փոխառությունների գծով տոկոսների այն մասը, որը հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է ՀՀ ԿԲ-ի սահմանած բանկային տոկոսի՝ (12%) հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Համեմատությունը կատարվում է ըստ յուրաքանչյուր վարկի և (կամ) փոխառության։
  2. Կազմակերպությունները չեն կարող նվազեցնել բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարների այն մասը, որը գերազանցում է կազմակերպության՝ հարկային տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության կրկնապատիկը։ Սեփական կապիտալի բացասական մեծության դեպքում՝ հաշվարկվող տոկոսների գումարները համախառն եկամտից չեն նվազեցվում:
  3. Կազմակերպությունները չեն կարող նվազեցնել ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, եթե անտոկոս փոխառություններ են տրամադրվել այլ հարկ վճարողների, իսկ տոկոսով փոխառություն տրամադրելու դեպքում՝ հաշվարկվող տոկոսների գումարների այն մասը, որը գերազանցում է այլ հարկ վճարողներին տրամադրված փոխառությունների գծով ստացվող տոկոսների գումարները։ Սրա իմաստը կայանում է նրանում, որ շատ հաճախ ընկերության հիմնադիրները իրենց անձնական վարկերը վերցնում էին ընկերության անունով, որպեսզի վարկի տոկոսները նվազեցնեին ընկերության շահութահարկից։ Այս դեպքում մենք ունենք հավասար պայմաններ ու այս գործարքներն անելն արդեն ձեռնտու չէԿարևոր նկատառում․ Այս հաշվարկներում չեն ներառվում այն տոկոսները, որոնք ակտիվի սկզբնական արժեքի մեջ են ներառվել (կապիտալացվել)։

Վարձակալական վճարներ

Կազմակերպությունները համախառն եկամտից չեն կարող նվազեցնել (շահութահարկից ծախսագրել) վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները, եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ հարկ վճարողների։ Վարկերի ու փոխառությունների տոկոսի ծախսագրման տրամաբանությունը կիրառվում է նաև այստեղ՝ եթե առկա են ուղղակի կապակցված եկամուտներ, ապա ծախսերը ճանաչվում են դրանց չափով։

Ներկայացուցչական ծախսեր

Ինչպես գիտենք ներկայացուցչական ծախսեր են համարվում այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու և (կամ) այն պահպանելու նպատակով կատարվող ծախսերը: Սակայն դրանք նույնպես նորմավորվում են ու ամբողջ ծախսը չի կարող նվազեցվել։ Այս դեպքում համախառն եկամտից չեն կարող նվազեցնել ներկայացուցչական ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը կամ հինգ միլիոն դրամը։

Գործուղման ծախսերը

Էլ ինչ կազմակերպություն առանց գործուղման ծախսերի։ Գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է։ Սա նշանակում է, որ աշխատողը գործատուի կողմից ուղարկվում է իր աշխատանքային պարտականությունները կատարելու այլ վայրում՝ բացի իր սովորական գրասենյակից, և այդ տեղափոխումը չի համարվում մշտական։

Բայց ի՞նչ սահմանափակումներ կան այստեղ․ Կազմակերպությունները համախառն եկամտից չեն կարող նվազեցնել ՀՀ տարածքից դուրս գործուղման ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 5 տոկոսը։

Կարևոր է իմանալ, որ ներկայացուցչական ու գործուղման ծախսերի սահմանափակումները չեն տարածվում կամզակերպության գրանցման տարում։ Այս տրամաբանությունը բացատրվում է նրանով, որ կազմակերպությունները առաջին տարում պետք է չունենան սահմանափակումներ գործարար կապերի հաստատման ու ծախսերի ճանաչման հետ։

Կառավարման ծախսեր

Կառավարման ծախսերը կազմակերպությունը փաստացի ղեկավարելու համար այլ կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող ծախսերն են։ Այստեղ չեն ներառվում կառավարման գծով խորհրդատվության և հավատարմագրային կառավարման դիմաց կատարվող ծախսերը։ Այստեղ ևս կան սահմանափակումներ․

Կազմակերպությունները համախառն եկամտից չեն կարող նվազեցնել կառավարման ծախսերի այն մասը, որը գերազանցում է համախառն եկամտի 2%։
Եթե կազմակերպության պետական գրանցման տարում համախառն եկամտի 2 տոկոսը փոքր է 2 մլն․ դրամից, ապա կառավարման ծախսերը հարկային տարում նվազեցվում են 2 մլն․ դրամը չգերազանցող չափով։

Կամավոր կենսաթոշակային վճարները

Չնայած գործատուների կողմից վարձու աշխատողի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային վճարներ կատարելը քիչ հանդիպող իրավիճակ է, սակայն այն սահմանված է Օրենքով և այստեղ ևս կան սահմանափակումներ՝
Կազմակերպությունները համախառն եկամտից չեն կարող նվազեցնել վարձու աշխատողի համար օրենքով սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների այն մասը, որը գերազանցում է տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 7.5%:
ԱՁ և Նոտարները իրենք իրենց համար սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային վճարներ կատարելու դեպում՝ չեն կարող նվազեցնել ադ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկման բազայի 5%։

Սոցիալ-մշակութային ծախսեր

Բացի նրանից, որ կազմակերպությունները վճարում են աշխատավարձեր ֆիզիկական անձանց կամ ապահովում են սոցիալական երաշխիքներ, կան ծախսերի հոդվածներ, որոնք անուղղակի եղանակով եկամուտ են ֆիզիկական անձանց համար։ Այդ եկամուտները հարկային օրենսգրքում հանդիպում են որպես Ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման ծախսեր տերմինով։ Այս ծախսերն էլ են դասվում նորմավորված ծախսերի շարքին ու այս ծախսերը չեն նվազեցվում այն չափով, որով գերազանցում են հարկային տարվա եկամտի 0.25%:

Անհատույց տրամադրված ակտիվներ

Հարկային օրենսգրքում հանդիպում ենք նաև այնպիսի ծախսագրման սահմանափակումների, որոնք վերաբերում են գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին նվիրաբերած ակտիվների ծախսագրման չափերին։ Այս դեպքում հարկ վճարողն ունի ծախսագրելու հնարավորություն ընդամենը եկամտի 0.25% չափով։

Հարկ է նշել, որ 2026 թվականի հունվարի մեկից ունենք բարելավում այս մասով ու եթե հարկ վճարողը անհատույց ակտիվներ է տրամադրել ստորև նշված հաստատություններին, ապա կարող է այդ ծախսերը նվազեցնել հաշվետու տարվա եկամտի 2.5% չափով։ Ահա և այդ հաստատությունները․

  • պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք ունեն կրթական ծրագրեր մատուցելու լիցենզիա հետևյալ ուղղություններով՝
    • տարրական
    • հիմնական
    • միջնակարգ
    • արհեստագործական
    • միջին մասնագիտական
    • բարձրագույն մասնագիտական
  •  «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն ստեղծված հիմնադրամ

Ծախսերի հաշվառման տարածված սխալները

Հաշվապահական հաշվառում վարելիս հաճախ հանդիպում են մի քանի հիմնական սխալների, որոնք բերում են իրենց հետ նորմավորված ծախսերի հաշվառման բացթողումների։ Հաշվապահության մեջ կարևոր է տարանջատել ֆինանսական ու հարկային հաշվառումները։ Ֆինանսական հաշվառումը իրականացվում է համաձայն միջազգային ստանդարտների, իսկ հարկային հաշվառումը համաձայն ՀՀ օրենսդրության։ Ներկայումս առկա հաշվապահական ծրագրերը բավականին հեշտացրել են հաշվապահի աշխատանքը ու հնարավորություն են տվել հաշվապահություն անել մեկ համակարգում ու ներառել թե ֆինանսական ու թե հարկային հաշվառման տվյալները։ Սակայն հիմնականում մենք հանդիպում ենք հաշվապահների, ովքեր հաշվապահական ծրագիրն օգտագործում են միայն հարկային հաշվառման համար։ Պրոֆին հաշվապահական ընկերությունում մենք կարևորում ենք ֆինանսական հաշվառում վարելը ու զուգահեռ վարում ենք նաև հարկային հաշվառում։ Հարկ է ֆիքսել, որ ֆինանսական հաշվառման մեջ ծախսը դեռ չի նշանակում, որ հարկային հաշվառման մեջ դա կարելի է ծախսագրել։ Նորմավորված ծախսը դրանցից մեկն է։

Կարևոր է նաև հստակ ապահովել փաստաթղթավորումը։ Հարկային օրենսգրքում սահմանվում են փաստաթղթավորման կանոնները ու դրանք են, որ շատ հաճախ բաց են թողնվում ու պատճառ դառնում փաստացի կատարված ծախսի չճանաչման։

Հաջորդ տարածված բացթողումը, որոնց թույլ են տալիս հաշվապահները, դա նորմավորված ծախսերը դիտելն է միայն շահութահարկի տեսանկյունից։ Այն ծախսերը, որոնք իրականացվել են ֆիզիկական անձան համար ու համարվում են նորմավորված, ինչիսիք են Սոցիալ-մշակութային ծախսերը, պետք է դիտարկվեն նաև եկամտային հարկի տեսանկյունից։ Հաշվապահ կամ հաշվապահական ընկերությունը պետք է ապահովի դրանց ճիշտ հաշվառում ու եթե գերազանցել են նորմաները, դրանք պետք է հարկել եկամտային հարկով։ Այս նորմաների գերազանցումը պարզ է դառնում շահութահարկը լրացնելիս և ուստի, եթե գերազանցել եք նորմաները, ապա պետք է դրա մասով ինֆորմացիան ներկայացնեք ապրիլ ամսվա եկամտային հարկի հաշվարկում ու վճարեք հարկերը։

Արդյո՞ք հնարավոր է խուսափել բացթողումներից

Բիզնեսի համար առաջնային քայլերից է ունենալ բանիմաց հաշվապահ կամ հաշվապահական ընկերություն։ Իսկ հաշվապահը կամ հաշվապահական ծառայություն մատուցող ընկերությունը պետք է լինի հետևողական այս ծախսերի հաշվառմանը։ Ահա՝ ինչ ենք խորհուրդ տալիս մենք հաշվառման մեջ՝

  1. Վարել ֆինանսական ու հարկային հաշվառում,
  2. Ունենալ ամսական կամ եռամսյակային շահութահարկի նախահաշվարկ,
  3. Նորմավորած ծախսերը շահութահարկում դիտարկել առանձին-առանձին,
  4. Հաշվառել նորմավորված ծախսերը եկամտային հարկի տեսանկյունից նույնպես։

Այսօր հնարավոր է բազմաթիվ ծրագրերով ու եղանակներով հաշվառել նորմավորված ծախսերը, կատարել նախահաշվարկներ ու պլանավորել ապագա ծախսերի իրականացման կարգը ու եղանակը։

Եզրակացություն

Հաշվապահական հաշվառումը ետևում է թողել աշխատելու նախկին կանոնները, քանի որ փոփոխությունները բազմաթիվ են, կանոնները անընդհատ թարմանում են ու կարևոր է ունենալ լավ մասնագետ, ով պատրաստ է ծանոթանալ նորություններին ու տեղյակ լինել դրանց փոփոխությունների ազդեցություններին բիզնեսի համար։ Պրոֆին Քընսալթինգում մենք հավատում ենք, որ հաշվապահական ծառայություններ մատուցելը իրենից ենթադրում է հետևել հարկերի բոլոր փոփոխություններին ու դրանք վերլուծել՝ հասկանալու դրա ազդեցությունը ու հետևանքները։

Նորմավորված ծախսերը այն թակարդներից են, որոնք թվում է թե լարված են այնպես, որ հնարավոր չէ վերահսկել։ Բայց եթե դրանք հաշվառել ժամանակին, ունենալ նախահաշվարկներ ու պարբերաբար հետևել դրանց չափերին, հնարավոր է խուսափել սխալներից, բացթողումների ու հավելյալ հարկեր վճարելուց։ Այսօր շահութահարկի հաշվարկը կառուցված է այնպես, որ հարկային մարմինը հեշտությամբ գտնի նորմավորված ծախսերի ավել ծասխագրումները։

Բովանդակություն

© 2026 . Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Մշակված է Beebrand.Agency-ի կողմից