ՀՀ հարկային համակարգ 2026. Ի՞նչ օրենքներ են գործում

ՀՀ հարկային համակարգ 2026. Ի՞նչ օրենքներ են գործում

Եթե 2025 թվականը Հայաստանի շատ բիզնեսների համար փոփոխություններին հարմարվելու տարի էր, ապա 2026-ին արդեն կարևոր է ոչ թե պարզապես լսել, որ հարկային համակարգում փոփփոխություններ են եղել, այլ հստակ հասկանալ` ինչ է գործում հիմա, ում վրա է տարածվում և որ հարկման համակարգն է ճիշտ հենց ձեր բիզնեսի համար։ ՀՀ հարկային համակարգ 2026 թեման հատկապես կարևոր է նորաստեղծ ընկերությունների, ԱՁ-ների, ֆրիլանսերների, օնլայն ծառայություններ մատուցողների և այն ընկերությունների համար, որոնք ուզում են հենց սկզբից ճիշտ կառուցել իրենց հարկային ու հաշվապահական գործընթացները։

Հայաստանում շարունակում են գործել հարկման ընդհանուր և հատուկ համակարգերը։

Ինչ է ներառում ՀՀ հարկային համակարգը

2026 թվականին ամենաշատ քննարկվող հարկերը շարունակում են մնալ Շրջանառության հարկը, ԱԱՀ-ն, Շահութահարկը և Եկամտային հարկը։ Սրանք այն հարկերն են, որոնց շուրջ ձևավորվում է գրեթե ցանկացած ընկերության կամ ԱՁ-ի հիմնական հարկային բեռը։ Գործնականում հարցը սովորաբար այսպես է հնչում` ես կարո՞ղ եմ մնալ շրջանառության հարկում, թե պետք է աշխատեմ ընդհանուր հարկման համակարգով։ Ճիշտ պատասխանը կախված է ոչ միայն շրջանառությունից, այլ նաև գործունեության տեսակից, հաճախորդների կառուցվածքից, ծախսերից և փաստաթղթավորման կարգապահությունից։

Սա նաև այն կետն է, որտեղ լավ Հաշվապահ կամ փորձառու Հաշվապահական Ընկերություն ունենալը դառնում է ոչ թե պարզապես տեխնիկական աջակցություն, այլ բիզնես որոշումների մաս։ Սխալ ընտրված հարկման համակարգը հաճախ ավելի թանկ է նստում, քան ուշ ներկայացված հաշվետվությունը։

Շրջանառության հարկ – ովքեր կարող են աշխատել

Շրջանառության հարկը 2026-ին շարունակում է մնալ փոքր և միջին բիզնեսների ամենատարածված հարկային ռեժիմներից մեկը, բայց այն այլևս պետք չէ ընկալել որպես «թեթև հարկային ռեժիմ»։ Գործող Հարկային օրենսգրքով շրջանառության հարկի դրույքաչափերը սահմանված են 258-րդ հոդվածում, և 2025-ին բարձրացված դրույքաչափերի տրամաբանությունը շարունակվում է նաև 2026-ին։ Օրենքում նույնպես երևում է, որ հենց 258-րդ հոդվածն է սահմանում շրջանառության հարկի դրույքաչափերը, իսկ որոշ գործունեությունների դեպքում գործում է նաև ծախսերով նվազեցման մեխանիզմ։

Գործնականում կիրառվող հիմնական դրույքաչափերը ներառում են առևտրական, արտադրական, հանրային սննդի, վարձակալական, տոկոսային, ռոյալթիից և այլ գործունեություններից ձևավորվող եկամուտների հարկումը, իսկ որոշ ՏՏ ուղղությունների համար պահպանվում է ավելի բարենպաստ մոտեցում։ Profin-ի հրապարակված նյութերում ևս նշվում է, որ 2025 թվականից շրջանառության հարկի դրույքաչափերը դարձել են 1.5%-10% միջակայքում` կախված գործունեության տեսակից, և այդ մոտեցումը 2026-ին նույնպես շարունակում է գործել։

Սակայն այստեղ կա մի կարևոր նրբություն։ Շրջանառության հարկի տրամաբանությունը շատ ավելի խիստ է կապված փաստաթղթավորման հետ։ Եթե բիզնեսը պատշաճ կերպով չի ձևակերպում գնումները, ծախսերը կամ մատակարարումները, ապա նվազեցումների հնարավորությունը կորում է: ԱՁ-ների համ ՍՊԸ-ների համար կարող են նվազեցվել դրանց գործունեության հետ կապված ծախսերը, որոնք հիմնականում փաստաթղթավորվում են՝

  • Հաշիվ վավերագրերով (Երբ գնումը առանց ԱԱՀ է, զրոյական ԱԱՀ է կամ հատուկ հարկման համակարգում է),
  • Հարկային հաշիվներով:

Կարող են ծախսագրվել նաև աշխատավարձի գծով ծախսերը։ Չեն նվազեցվում ՀՄ ձեռքբերման ու սպասարկման գծով ծախսերը։

Շրջանառության հարկը 2026-ին պահանջում է ավելի շատ փաստաթղթավորում ու վարչարարություն և որպես պարզ համակարգ դադարել է գործել, քանի որ արդեն առանց հաշվապահական ընկերության հաշվառումը վարելը դառնում է անհնար։

Ովքեր չեն կարող աշխատել շրջանառության հարկով

2026-ի ամենակարևոր գործնական սխալներից մեկն այն է, երբ ծառայություններ մատուցող ընկերությունը մտածում է, որ փոքր շրջանառություն ունենալու դեպքում կարող է աշխատել շրջանառության հարկով։ Իրականում այդքան էլ այդպես չէ։ 2025 օրենսդրական փոփոխություններով մի շարք ծառայություններ դուրս են բերվել այս ռեժիմից, և շատ մասնագիտական գործունեություններ պետք է աշխատեն ընդհանուր համակարգով։ Այս հարցը հատկապես զգայուն է խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական ծառայությունների համար։

Այսինքն, եթե դուք ունեք հաշվապահական ընկերություն, առաջին հարցը պետք է լինի ոչ թե «շրջանառության հարկը քանի տոկոս է», այլ «արդյոք ես ընդհանրապես իրավունք ունե՞մ աշխատել այս համակարգով»։ Այդ պատասխանը պետք է ստուգվի մինչև գրանցումը կամ հարկման համակարգ ընտրելը։ Շատ հաճախ ընկերությունները չեն կարողանում հասկանալ, թե որն է իրենց գործունեության տեսակը։ Պրոֆինում մենք առաջարկում ենք այդ հարցով դիմել էկոնոմիկայի նախարարություն, ներկայացնել Ձեր գործունեությունը ու ստանալ արդեն Ձեր ընկերության գործունության դասակարգիչը։ Դա կօնգի հասկանալ՝ կարող եք աշխատել շրջանառության հարկով թե ոչ:

ԱԱՀ 2026 – երբ է պետք անցնել ընդհանուր հարկման համակարգ

ԱԱՀ-ն շարունակում է մնալ Հայաստանի ընդհանուր հարկման համակարգի հիմնական հարկերից մեկը։ Գործող կարգավորումներով ԱԱՀ-ի ստանդարտ դրույքաչափը 20% է, սակայն կարող եք հանդիպել նաև ԱԱՀ 16.67%, 0%: Ինչեր են սրանք.

  • 16.67% ԱԱՀ-ն հաշվարկվում է հասկանալու համար, թե որքան է ԱԱՀ-ն երբ ներառված է գնի մեջ։ Երբ հանդիպում եք ներառյալ ԱԱՀ, ապա այդտեղ ԱԱՀ-ն 16.67%։
  • 0% ԱԱՀ առաջին հայացքից այն է, երբ ուղղակի չկա ԱԱՀ։ Բայց սա Առանց ԱԱՀ-ն չէ: Կան սահմանված ծառայությունների տեսակներ կամ դրանց մատուցման վայրից կախված այդ ծառայությունները հարկվում են 0% ԱԱՀ-ով։

Գործնականում ԱԱՀ վճարող դառնալը շատ բիզնեսների համար «վատ նորություն» չէ։ Շատ դեպքերում դա արդեն աճի հաջորդ փուլն է։ Եթե ձեր հաճախորդները հիմնականում ընկերություններ են, որոնք իրենք էլ ԱԱՀ վճարող են, ապա ընդհանուր համակարգը կարող է լինել ավելի տրամաբանական, քան շրջանառության հարկը։ Նույնը վերաբերում է այն բիզնեսներին, որոնք ունեն մեծ ծախսեր, ներմուծում են ապրանքներ, աշխատում են կորպորատիվ հաճախորդների հետ կամ իրականացնում են արտահանումներ։

Հաճախ սխալ համեմատություն է արվում` «10% շրջանառության հարկն ավելի քիչ է, քան 20% ԱԱՀ»։ Սա մակերեսային մոտեցում է, որովհետև ԱԱՀ-ն հաշվարկվում է այլ տրամաբանությամբ, գործում են հաշվանցման կանոններ, և ընդհանուր հարկային բեռը կախված է ամբողջ մոդելից, ոչ թե միայն մեկ թվից։ Ահա թե ինչու հարկային համակարգի ընտրությունը միշտ պետք է արվի բիզնես մոդելի հիման վրա, ոչ թե միայն հաշվի առնելով տոկոսադրույքները։

Շահութահարկ 2026 – ինչ պետք է իմանան ընկերությունները

Շահութահարկը ընդհանուր համակարգում գործող կազմակերպությունների երկրորդ առանցքային հարկն է։ Գործող օրենսգրքի համապատասխան դրույթներում պահպանվում է 18% տրամաբանությունը շահութահարկի համար, սակայն ԱՁ-ների համար այն կազմում է 23%:

Գործնական լեզվով սա նշանակում է, որ եթե ձեր բիզնեսը աշխատում է ընդհանուր համակարգով, ապա հարկվում է ոչ թե ամբողջ շրջանառությունից, այլ հարկային շահույթից։ Այդ պատճառով այն բիզնեսների համար, որոնք ունեն զգալի օպերացիոն ծախսեր, աշխատավարձային մեծ ֆոնդ, վարձակալություն, մատակարարների ծախսեր Շահութահարկը շատ դեպքերում ավելի հաշվարկելի և երբեմն ավելի ձեռնտու կարող է լինել, քան թվում է առաջին հայացքից։

Եթե Դուք հիմնում եք նոր ընկերություն, որը ունի այնքան զարգանալու պոտենցիալ, որ շահույթ գեներացնելու ժամանակ արդեն իսկ պետք է անցում կատարի ընդհանուր հարկման համակարգ, ապա հենց առաջին օրվանից պետք է անցում կատարել։ Սրա իմաստը այն է, որ ընկերությունը գրանցման ու դրան հաջորդող տարում իրականացնում է ավելի շատ ծախսեր, քան գեներացնում է եկամուտներ ու չի ունենանում շահույթ։ Դե, չունի շահույթ, չունի նաև շահութահարկ։

Շահութահարկում կարևոր է փաստաթղթավորման պահանջների պահպանումը, քանի որ ծախսերը որպեսզի շահութահարկի իմաստով ծախսագրվեն, պետք է պահպանվեն համապատասխան վավերապայմանները։

Եկամտային հարկ 2026 – աշխատակիցներ, ԱՁ-ներ և ֆիզիկական անձինք

Եկամտային հարկի հիմնական դրույքաչափը շարունակում է մնալ 20%։ Գործող օրենսգրքի 150-րդ հոդվածի արդյունքներում հստակ երևում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի հիմնական դրույքաչափը 20% է, և 2026-ի համար նույնպես հենց դա է կիրառելի ընդհանուր կարգով։

Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ Եկամտային հարկը միշտ չէ, որ միայն 20% է։ Որոշ եկամուտների դեպքում գործում են հատուկ դրույքաչափեր։ Օրինակ՝ վարձակալական վճարների մասով կիրառվում է 10% դրույքաչափ, իսկ ՀՀ Ռեզիդենտների ստացած շահաբաժինների մասով 5%։

Բացի դրանից, եկամտային հարկի գումարների վճարումը հարկային գործակալների կողմից կատարվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, ինչը ևս կարևոր է բիզնեսների համար, որոնք ունեն աշխատակիցներ կամ քաղաքացիաիրավական պայմանագրերով ներգրավված անձինք։

Պետք է հաշվի առնել նաև, որ կան մի շարք ծրագրեր, որոնք թույլ են տալիս վերադարձնել եկամտային հարկը:

Միկրոձեռնարկատիրություն 2026

Միկրոձեռնարկատիրության համակարգը շարունակում է մնալ հատուկ հարկային համակարգ, որի շրջանակում որոշ սուբյեկտներ ազատվում են մի շարք հիմնական հարկերից, եթե բավարարում են օրենքով սահմանված պայմանները։ Օրենսգրքի ընդհանուր կառուցվածքը 2026-ին շարունակում է նույն տրամաբանությունը` միկրոձեռնարկատիրությունը նախատեսված է շատ փոքր մասշտաբի գործունեությունների համար և չի կարելի այն դիտարկել որպես ունիվերսալ լուծում բոլոր սկսնակների համար։

Եթե բիզնեսը մեծանալու պլան ունի, աշխատելու է կազմակերպությունների հետ, ներգրավելու է աշխատակիցներ կամ կառուցելու է պրոֆեսիոնալ ֆինանսական միջավայր, հաճախ ավելի ճիշտ է սկզբից ընտրել այնպիսի կառուցվածք, որը հետագայում փոփոխության կարիք քիչ կունենա։ Հարկ է շեշտել նաև, որ շատ քիչ գործունեության տեսակներ կարող են հարկվել այս հարկման համակարգում։

ՏՏ, բարձր տեխնոլոգիաներ և 2026-ի հնարավորությունները

2026-ին կարևոր ուղղություն է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունը։ Գործող օրենքը սահմանում է, որ պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները սահմանում է Կառավարությունը:

Սա կարևոր է այն ընկերությունների համար, որոնք գործում են software, electronics, engineering, R&D կամ related tech ուղղություններով։ Աջակցությունը սրա մասով դեռևս մնում է 3 ուղղություններով ու նաև առանձին ուղղություն է R&D։

Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել

ՀՀ հարկային համակարգ 2026-ը դարձել է ավելի կանոնակարգված, բայց նաև ավելի պահանջկոտ։ Արդեն փոխվել են նաև հաշվապահին ներկայացվող պահանձները։ Հարկային համակարգի ճիշտ կիրառումը սկսվում է գործունեության ճիշտ դասակարգումից, հարկման ռեժիմի ընտրությունից, պայմանագրերի ձևակերպումից և փաստաթղթաշրջանառությունից։

Հաշվապահական Ընկերությունը 2026-ին պետք է կարողանա օգնել ձեզ ոչ միայն հաշվետվություն ուղարկել, այլ նաև`

  • հասկանալ` ձեզ համար ավելի ճիշտ է Շրջանառության հարկը, թե ընդհանուր հարկման համակարգը,
  • գնահատել` ԱԱՀ վճարող դառնալը ռիսկ է, թե հնարավորություն,
  • ճիշտ հաշվարկել Շահութահարկը և նորմավորված ծախսերը,
  • ժամանակին և ճիշտ վարել Եկամտային հարկի հաշվարկները,
  • խուսափել փաստաթղթավորման սխալներից ու ավելորդ տուգանքներից։

Եզրակացություն

ՀՀ հարկային համակարգը արդեն բիզնեսից պահանջում է ավելի հասուն մոտեցում։ Շրջանառության հարկը շարունակում է գործել, բայց այն արդյունավետ է միայն ճիշտ հաշվառման դեպքում։ ԱԱՀ-ն և Շահութահարկը շատ դեպքերում դառնում են ավելի տրամաբանական ընտրություն աճող բիզնեսի համար։ Եկամտային հարկը շարունակում է մնալ 20% հիմնական դրույքաչափով, բայց հատուկ եկամուտների համար կան այլ կանոններ ու պետք է չմոռանալ դրանց վերադարձման հնարավորությունների մասին։

Այժմ հարկային համակարգը դարձել է այնքան բարդ, որ առանց հաշվապահի կամ հաշվապահական ընկերության բարդ է պատկերացնել հարկային հաշվառում վարելը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հաշվապահության վրա ընկերության ծախսը պետք է կազմի 2%-5% ընկերության եկամտի։ 

Պրոֆին Հաշվապահական ընկերությունը կարծում է, որ ավելի ճիշտ է հատկացնել հավելյալ ծախս հաշվապահության վրա, ունենալ լավ հաշվապահ, ով կկրի իր աշխատանքի համար պատասխանատվություն, քան թե անել ինքնուրույն ու  ունենալ տուգանքների վտանգ:


Բովանդակություն

© 2026 . Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Մշակված է Beebrand.Agency-ի կողմից